ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Մի հացադուլի պատմություն

Մի հացադուլի պատմություն
07.12.2018 | 02:22

«Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը դեկտեմբերի 3-ից հացադուլ է հայտարարել և պահանջում է «Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական համատեղ կինոնախագծի հանդեպ ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորությունների կատարման երաշխիքներ:


Ռեժիսորի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ կինոկենտրոնը 2016-ին ամբողջովին կատարել է իր պարտավորությունը՝ աջակցելով նախագծի զարգացմանը։ 2017-ի ապրիլին մշակույթի նախարար Ա. Ամիրյանի հրահանգով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասը ժամանակավորապես փոխանցվել է Հայաստանի ֆիլմ-հանձնակատարին՝ նախարարության հրատապ այլ ծախսերի համար, հուլիսին վերադարձնելու պայմանով։ Գումարը չի վերադարձվել, ինչի պատճառով ֆիլմի արտադրության պլանը խափանվել է, արտադրող ընկերությունը կուտակել է պարտքեր։ 2018-ին կինոկենտրոնը ընդունել է նոր կանոնակարգ, որով, խախտելով օրենքը, չեղարկել է իր երեք տարի առաջ ստանձնած` ֆիլմը ֆինանսավորելու պարտավորությունը։ Ֆիլմի արտադրությունը դադարեցվել է, միջազգային արտադրողների ներդրումները՝ սառեցվել։ «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» ընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ազգային կինոկենտրոնի և զգուշացնում է, որ ֆիլմի միջազգային ներդրողները հավելյալ հայց կներկայացնեն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ պահանջելով իրենց ներդրած գումարների և կրած վնասների փոխհատուցում։


Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը «Հայկական ժամանակին» տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ կինոնախագիծը դեռևս 2017-ին պետք է ավարտված լիներ, սակայն չի ավարտվել, Գալստյանը ոչ մի ներդրում չի կատարել և սպասում է, որ պետությունն իրեն ֆինանասավորի:
Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ դատախազությունը զբաղվում է կինոկենտրոնի վերջին տասնամյակների գործունեության փաստաթղթերի ամբողջական փաթեթով, և ի վերջո, կբացահայտվի կոռուպցիոն շղթան, որ գործել է ազգային կինոկենտրոնում մինչև իր պաշտոնավարումը, նշել է նաև, որ ստեղծված վիճակը կինոկենտրոնի նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանի և «Պարալլելս Պրոդաքշն» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Գալստյանի անպատասխանատու և անբարեխիղճ աշխատանքի արդյունքն է:


Իսկ ահա ռեժիսորը համոզված է, որ մշակույթի նախարարությունը և ազգային կինոկենտրոնը ֆիլմը ոչնչացնելու հետևողական պայքար են տանում:
Կինոոլորտի ներկայացուցիչներն ի պաշտպանություն իրենց գործընկերոջ տարատեսակ հայտարարություններ են անում, անարդար համարելով մշակույթի ոլորտում առկա քաղաքականությունը, որը տաղանդավոր ռեժիսորին մղում է ծայրահեղ քայլերի:
Կինոռեժիսոր ՆԻԿՈԼ ԴԱՎԹՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ Հովհաննես Գալստյանը բանիմաց ռեժիսոր է, շատ լավ հասկանում է կինոարտադրությունից, կարելի է ասել` կինոյի գիտակ է: «Հովհաննեսն իմ ընկերն է: Ես միացել եմ նրա նախաձեռնությանը` համահայկական կինոարտադրողների ֆեդերացիայի ստեղծմանը: Բավականին արդյունավետ աշխատել ենք այդ կառուցում: Հացադուլին դեմ էի, հորդորում էի, որ չանի, քանի որ պայքարի բոլոր միջոցները չեն վերջացել: Բայց չէի կարող բռնանալ նրա կամքին: Կասեմ, որ նրա տեսակետներին` Հայաստանում կինոարտադրության ներկա իրավիճակի ճգնաժամային լինելու հարցում, լիովին համամիտ եմ և ողջունում եմ դրանք վերափոխելու առաջարկները»:
«Տատիկի վարսերի» ֆիլմի մասին Նիկոլայ Դավթյանը կարծիք չկարողացավ ասել, քանի որ ֆիլմը դեռ նկարահանման փուլում է, սցենարին էլ ծանոթ չէ: Բայց երևույթն ինքը` կապված մշակույթի նախարարության և կինոկենտրոնի հետ, համարեց անհեթեթ ու անփառունակ:
Եզրակացություններ կարելի է անել կամ չանել: Խճճված այս պատմությունը մի օր կգտնի հանգուցալուծում ի շահ պետական կառույցների կամ ռեժիսորի: Դա էլ մի կողմ: Վատն այն է, որ տուժում է արվեստը: Ֆիլմը, որը պետք է ծնվի, մնում է կես ճանապարհին: Փաստն էլ այն է, որ բոլորովին վերջերս հացադուլի ևս մի դեպք էինք ունեցել: Դարձյալ ծայրահեղ քայլին դիմել էր հայաստանյան լավագույն ռեժիսորներից մեկը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4262

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ